» ՔՊ-ի կանայք առաջադրվում են ու հաղթում. ովքեր են կուսակցության վարչության անդամի հին և նոր թեկնածուները

ՔՊ-ի կանայք առաջադրվում են ու հաղթում. ովքեր են կուսակցության վարչության անդամի հին և նոր թեկնածուները

Просмотры: 158
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին անցկացնելու է հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվելու են վարչության անդամները և նախագահը: Վարչության անդամի ընտրությանը մասնակցելու է 48 թեկնածու, որոնցից ընդամենը 15-ը կարող են ընդգրկվել վարչության կազմում:
Նկատենք, որ 2019 թվականին թեկնածուների թիվը 65-ն էր, որից 21-ը ընդգրկվեցին:

Այս պահին ՔՊ վարչությունն ունի հետևյալ տեսքը. վարչության նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, անդամները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխխոսնակներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Աժ պատգամավորներ Արփինե Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Էդուարդ Աղաջանյանը, Նարեկ Բաբայանը, Վահագն Հովակիմյանը, Արսեն Թորոսյանը և ԱԺ նախկին պատգամավորներ Արման Բոշյանը, Սիփան Փաշինյանը:

Այս անգամ ձևավորվող վարչությունում հնաբնակներից թեկնածությունները չեն առաջադրել Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Սիփան Փաշինյանը, Վահագն Հովակիմյանը և Նարեկ Բաբայանը:

Նշենք, որ 2022 թվականի վարչության անդամի թեկնածուների շարքում նկատում ենք վարչության նախկին՝ 2016 թվականի նախագահ Սասուն Միքայելյանին, որը 2019-ին չընտրվեց վարչության անդամի պաշտոնում ընդամենը 3 ձայնի տարբերությամբ՝ ստանալով 145 քվե, Հովիկ Աղազարյանին, Գարիկ Սարգսյանին, ինչպես նաև Լենա Նազարյանին, որն ընդհանրապես չէր առաջադրել թեկնածությունը 2019-ին:

Սակայն թեկնածուների կազմում այժմ կարող ենք տեսնել նոր և կուսակցական ակտիվ դեմքերի, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Գևորգ Պապոյանին, Սիսակ Գաբրիելյանին, Վլադիմիր Վարդանյանին, Ռուստամ Բաքոյանին, Լիլիթ Կիրակոսյանին, Արուսյակ Ջուլհակյանին, ինչպես նաև՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ամփոփելով ՔՊ վարչության կատարած 3 տարվա աշխատանքները՝ կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որը, ի դեպ, նույնպես վարչության անդամի թեկնածու է, նկատում է՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո մեծ թվով քաղաքացիներ ցանկություն են հայտնել միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն կորոնավիրուսի համավարակի և 2020-ի պատերազմի հետևանքով անդամակցության և նոր գրասենյակների բացման գործընթացը մի փոքր դանդաղել է: Վերջինս նաև հավելում է՝ այժմ նոր թափով են սկսել կուսակցաշինության աշխատանքները: